Ազգային պարի տոն՝ 600 հայորդիների մասնակցությամբ

asulis

Գյումրիում արդեն 5-րդ անգամ պատրաստվում են «Շիրակի էսքիզներ» պարային հանրապետական մրցույթ-փառատոնին․ ապրիլի 22-ին դրամատիկական թատրոնի դահլիճում  3 տարիքային խմբերում մրցանակային տեղերի համար կպայքարեն հանրապետության 6 մարզի 9 համայնքներից Գյումրի ժամանած 17 պարային համույթներ։

Մայրաքաղաք Երեւանից, ինչպես նաեւ Կոտայքի, Տավուշի, Արարատի, Լոռու եւ Շիրակի մարզերի Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Դիլիջան, Ստեփանավան, Գյումրի, Ամասիա եւ Հովտաշեն համայնքներից ընդհանուր թվով շուրջ 600  հայորդիներ ազգային պարի տոնի մասնակիցը լինելուց բացի հերթական անգամ կհամախմբվեն մեկ գաղափարի շուրջ՝ ներկայացնելով բացառապես ազգային պարեր։

«Մանուկյան ընկերության» ամենամասշտաբային նախագիծն այս անգամ նվիրված է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։ Հագուստի եւ երաժշտության ընտրություն, բեմադրություն եւ կատարողական վարպետություն․ այս չափորոշիչները կլինեն մասնագիտական հանձնախմբի ուշադրության կենտրոնում, ժյուրին կնախագահի ՀՀ ՊՆ «Սարդարապատ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը։

paraton

Բացի փառատոնի փորձագետներից այս անգամ կաշխատի նաեւ Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր Արայիկ Գեւորգյանը, ինչն, ըստ նախագծի ստեղծագործական կազմի անդամների, փաստում է՝ փառատոնի առանցքում համագործակցությունն ամրանում է ոչ միայն մասանակից պարային համույթների, այլեւ ոլորտի մասնագետների միջեւ. այս ընթացքում փառատոնի ժյուրին նախագահել, փառատոնի հետ համագործակցել եւ «Շիրակի էսքիզներ»-ի կայացմանն աջակցել են «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, ՀՀ ՊՆ «Սարդարապատ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանը, «Բերդ» պարային անսամբլի գլխավոր բալետմայստեր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գեւորգյանը, Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի թատրոն»-ի հիմնադիր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դեւոյանն ու պարարվեստի ոլորտի այլ մեծանուն ներկայացուցիչներ։

Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նախագծի փորձագետները խոսեցին նաեւ մայիսի 20-ին տեղի ունենալիք գալա-համերգի մասին․ չակերտներ չբացեցին, բայց խոստացան՝ 100-ամյա պետականության պայքարի ու մաքառման, նվաճումների ու հաղթանակների բոլոր դրվագները  էսքիզցիները կներկայացնեն պարային նոր ու միասնական բեմադրությամբ։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն