Դաստիարակություն առանց սթրեսի և պատժի

 

Մենք ինքներս պետք է հավատանք այն ամենին, ինչ սովորեցնում ենք մեր երեխաներին:
Վուդրո Վիլսոն

Ինչու՞ է կարևոր դաստիարակությունն առանց սթրեսի և պատժի: Դաստիարակությունը չափազանց բարդ, միաժամանակ շատ հետաքրքիր գործընթաց է, որովհետև այն երեխաները, ում հարգանքով և վստահությամբ են վերաբերվում,  հուզականորեն ավելի կայուն են:

Տարիքային առանձնահատկություններով պայմանավորված՝ երեխաներն ավելի լիարժեք են սկսում պատկերացնել և ընկալել վարքագծի հստակ շրջանակներն ու սահմանները, ինչպես նաև ընդօրինակում սեփական շրջապատից և սովորում հարմարվել կյանքին:

Երեխաները տարբեր խառնվածքն են ունենում, և դա այն կենսաբանական հիմքն է, որի հիման վրա հետագայում ձևավորվում է բնավորությունը:

Երեխաների  բնավորությունը ձևավորվում է՝ սկսած  2-5 տարեկանից, ուստի այդ տարիքի երեխաների հետ շփման ու դաստիարակության հարցում անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել:Երեխայի վրա անդադար բղավելու և նրան հաճախ պատժելու  փորձառությունը ճիշտ չէ , որովհետև այդ դեպքում կարելի է բախվել բազում խնդիրների:Նման պահվածքը կարող է հանգեցնել՝

ա.հոգեբանական տրավմաների,

բ.շրջապատի հանդեպ հարգանքի բացակայության,

գ.արտաքին աշխարհին հարմարվելու և ուրիշների հետ շփվելու անկարողության:

Նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է երեխայի նկատմամբ լինել շատ նրբանկատ և խուսափել տարածված սխալներից:

Դաստիարակության առանձնահատկությունները՝խառնվածքով պայմանավորված:

Ընդհանուր առմամբ խառնվածքով պայմանավորված՝ համապատասխան մոտեցումն ավելի արդյունավետ է դարձնում շփումը երեխայի հետ, ինչպես նաև նպաստում է նրա ներդաշնակ և համակողմանի զարգացմանը: Միաժամանակ,  կարևոր է դիտարկել երեխայի վարքն ՝իրավիճակներով պայմանավորված:Այս դեպքում մոտեցումը փոքր–ինչ այլ է:Անդրադառնանք խառնվածքի տեսակներին, որոնք հիմնականում չորսն են՝  սանգվինիկ, խոլերիկ, ֆլեգմատիկ և մելանխոլիկ:

Նշենք, որ դաստիարակության տեսանկյունից սանգվինիկը ամենաճկուն և ենթարկվող խառնվածքն է:

Դաստիարակելով խոլերիկներին`ցանկալի է սահմանափակել այն արագությունը, որով նրանք ձգտում են ապրել, իսկ դրա համար անհրաժեշտ է արհեստականորեն դադար ստեղծել. օգնել նրանց նախասիրությունների, հետաքրքրությունների, առաջնահերթությունների և զբաղվածության ընտրության հարցում:Միայն այսպիսի պայմաններում փոքրիկ խոլերիկները կկարողանան իրենց  բնավորությունը կիրառել ճանաչողական նպատակներով:

Ֆլեգմատիկների դաստիարակության գործընթացում ցանկալի է մեծ ուշադրություն դարձնել այնպիսի հատկությունների զարգացման վրա, ինչպիսիք են՝ հետաքրքրասիրությունը և հաղթելու ցանկությունը, կարևոր է ստեղծել հուզական իրավիճակներ, որոնք կստիպեն փոքրիկի նյարդային համակարգին առավել ակտիվ կերպով արձագանքել:

Մելանխոլիկ փոքրիկների դաստիարակության գործընթացում ցանկալի է ավելի շատ ինքնուրույնության և ընտրության հնարավորություն տալ:Այնուհանդերձ, կարևոր է հստակ պատկերացնել՝ յուրաքանչյուր խառնվածք առանձնահատուկ է, ուստի կարևոր է դաստիարակության գործընթացը կազմակերպել՝ հիմնվելով անձնային որակների և յուրահատկությունների վրա:

Ինչպես արդյունավետ խրախուսել երեխային

Խրախուսանքն առաջին հերթին պետք է լինի տեղին:Երեխային խրախուսում են օգտակար հմտության, լավ նախաձեռնության, բարի գործերի համար:Փոքրիկին խրախուսելիս կարևոր է հաշվի առնել նրա տարիքը, սեռը և անձնային առանձնահատկությունները:

Արդյունավետ խրախուսանքը իրականացվում է նպատակային:Այս դեպքում կարևոր է հարկ եղած դեպքում

հետաքրքրքրություն ցուցաբերել երեխայի հաջողությունների հանդեպ, համեմատել երեխայի նախկին և նոր ձեռքբերումները, ոգևորել և քաջալերել փոքրիկին:Երբ խոսքը վերաբերում է գովեստներին, ապա տվյալ դեպքում պետք է գովել երեխայի  արարքը , այլ ոչ թե անձը:

*. Երեխային պետք է գովել այն ժամանակ, երբ նա չի սպասում:Օրինակ, երբ նկատում ենք, որ նրա

առաջադիմությունը գնալով ավելի է բարձրանում,բարձր ցուցանիշներ է գրանցում:Այս դեպքում երեխան ձգտում է ավելիին, քանի որ տեսնում է արդյունքը:Կարող ենք օգտագործել <<ապրե՛ս>>, <<կեցցե՛ս  >>բառերը և շարունակել գովաբանել այնպիսի խոսքերով, որոնք տպավորիչ են երեխայի համար և դրական հույզեր են առաջացնում:Անկասկած, այդ օրը փոքրիկն ավելի երկար է հիշում:

* «Ինձ չիհաջողվում, կօգնե՞ս…»:Երբ երեխայից օգնություն ենք խնդրում կամ խորհուրդ ենք հարցնում, այդ քայլով երեխան իրեն արժևորված  է զգում, ձեռք է բերում  ինքնավստահություն:Այդպիսով՝ ծնողը, ուսուցիչը  կամ երեխայի հետ անմիջական շփման մեջ գտնվող մեծահասակը նպաստում  են նաև երեխայի մեջ ինքնասպասարկման հմտությունների ձևավորմանը. չէ՞ որ մեծերն են իրենից  օգնություն հայցում և իր կարծիքը հարցնում (այս մոտեցումը նպատակահարմար է կիրառել 5 տ-ից հետո):Դրանով նպաստում ենք նաև երեխայի կայուն ինքնագնահատականի ձևավորմանը:

Միաժամանակ, կան խոսքեր, որոնք նվազեցնում են երեխայի ինքնավստահությունը, օրինակ՝ եթե նրան հաճախ ենք համեմատում այլ երեխաների հետ՝ ասելով, որ մյուսներին հաջողվում է այս կամ այն գործը կատարելը, իսկ իրեն՝ ոչ:Երեխայի ուժերը թերագնահատելով՝ նշում ենք, որ անպատասխանատու է:Այս ամենը բացասաբար է անդրադառնում հատկապես այն ժամանակ, երբ  փոքրիկին դիտողություն ենք անում ուրիշների ներկայությամբ:Ցանկալի չէ նաև սեփական օրինակը բերել՝ նշելով, որ այդ տարիքում իրենց ամեն ինչ հաջողվում էր:

Ի վերջո, երեխայի համար իսկական ուրախություն ու խրախուսանք կարող է լինել մեղմ հայացքը, քնքուշ հպումը, գրկախառնությունը, խաղերը, մի խոսքով, այն ամենը, ինչ անվանում ենսիրոևվստահությանլեզու:

Սիրո և վստահության լեզուներնեն՝նվերները, օգնությունը, ժամանակը, բառերը, հպումները:

Ներկայացնենք իրավիճակներ, որտեղ հստակ ներկայացված է, թե երեխան դրանցից որի կարիքն ունի տվյալ պահին, նույնը նաև մեծահասակների դեպքում է:

Նվերներ. Ես վստահ չեմ, որ նրանք ինձ սիրում են:Երբեք ինձ անակնկալներ չեն մատուցել, ինչպես Արմենին:Գնում են այն, ինչ ինձ պետք չէ, չգիտեն նույնիսկ , թե ինչ կուզենայի ստանալ ծննդյանս օրը:

Օգնություն. Ինձ ոչ-ոք չի օգնում ՝ կատարեմ տնային աշխատանքները, ահա թե որն է վատ գնահատականներիս պատճառը:

Բառեր. Երբ նա ինձ ասաց, որ  անպատասխանատու եմ, որ չեմ փոխվի և երբեք չեմ հասնի նպատակիս:Ասում է, որ անհարգալից եմ և անշնորհք:

Ժամանակ.  Երբ ես փորձում եմ խոսել ծնողներիս հետ, ինձ երբեք ժամանակ չեն հատկացնում. կամ հեռուստացույց են դիտում կամ տնային գործերով են զբաղված, կամ էլ՝  ինչ-որ ուրիշ բան են անում:

Հպումներ.Իմ հայրն ինձ այլևս չի գրկում, ինչպես առաջ:Երևի կարծում է, որ արդեն մեծ եմ և այլևս դրա կարիքը չունեմ:Բայց ես կարոտում եմ նրա գրկախառնություններին:Դրանք ինձ ստիպում են զգալ, որ ես առանձնահատուկ եմ:

Ժենյա Վարդանյան

Հոգեբան, Եվրոպական քոուչինգի ֆեդերացիայի քոուչ( ECF), թրեյներ

 

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն