Դաստիարակություն առանց սթրեսի և պատիժների

 

   Երեխաների մեջ նկատվող հոգեբանական խնդիրների, դրանց լուծումների և  ծնողների մոտեցումների  շուրջ  իր մտահոգություններն ու տեսակետն է ներկայացնում  հոգեբան  ԺԵՆՅԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:

Տարիքի հետ երեխաներն ավելի հստակ կերպով են սկսում հասկանալ և ընկալել շրջապատող աշխարհը, այն ամենը, ինչ տեղի է ունենում իր շուրջը, համապատասխան վարք են դրսևորում՝ նաև ընդօրինակելով շրջապատից և սովորում հարմարվել կյանքին:

Երեխաները տարբեր խառնվածքն են ունենում, և դա այն կենսաբանական հիմքն է, որի հիման վրա հետագայում ձևավորում է բնավորությունը:

Պետք է ասել, որ փոքրիկների  բնավորությունը ձևավորվում է դեռևս  2-5 տարեկանում, ուստի այդ տարիքի երեխաների հետ շփման ու դաստիարակության հարցում անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել: Երեխայի վրա անդադար բղավելու և նրան հաճախ պատժելու  փորձառությունը սխալ  է, քանի որ այդ դեպքում կարելի է բախվել բազում խնդիրների: Նման պահվածքը կարող է հանգեցնել.

  • հոգեբանական տրավմաների,
  • շրջապատի հանդեպ հարգանքի բացակայության,
  • արտաքին աշխարհին հարմարվելու և ուրիշների հետ շփվելու անկարողության:

Նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է երեխայի նկատմամբ լինել շատ նրբանկատ և խուսափել տարածված սխալներից:

Դաստիարակության առանձնահատկությունները՝ խառնվածքով պայմանավորված

Ընդհանուր առմամբ խառնվածքով պայմանավորված՝ համապատասխան մոտեցումն ավելի արդյունավետ է դարձնում շփումը երեխայի հետ, ինչպես նաև նպաստում է նրա ներդաշնակ և համակողմանի զարգացմանը: Միևնույն ժամանակ,  կարևոր է դիտարկել երեխայի վարքն իրավիճակներով պայմանավորված: Այս դեպքում մոտեցումը փոքր–ինչ այլ է: Անդրադառնանք խառնվածքի տեսակներին, որոնք հիմնականում չորսն են՝ խոլերիկ, սանգվինիկ, ֆլեգմատիկ և մելանխոլիկ:

Միանգամից նշենք, որ դաստիարակության տեսանկյունից սանգվինիկը ամենաճկուն և ենթարկվող խառնվածքն է:

Դաստիարակելով խոլերիկներին` ցանկալի է սահմանափակել այն արագությունը, որով նրանք ձգտում են ապրել, իսկ դրա համար անհրաժեշտ է արհեստականորեն դադար ստեղծել. օգնել նրանց հոբբիի, հետաքրքրությունների, առաջնահերթությունների և զբաղվածության ընտրության հարցում: Միայն այսպիսի պայմաններում փոքրիկ խոլերիկները կկարողանան իրենց անզուսպ բնավորությունը կիրառել ճանաչողական նպատակներով:

Ֆլեգմատիկների դաստիարակության գործընթացում ցանկալի է մեծ ուշադրություն դարձնել այնպիսի հատկությունների զարգացման վրա, ինչպիսիք են հետաքրքրասիրությունը և հաղթելու ցանկությունը, ստեղծել հուզական իրավիճակներ, որոնք կստիպեն փոքրիկի նյարդային համակարգին առավել ակտիվ կերպով արձագանքել:

Մելանխոլիկ փոքրիկների դաստիարակության գործընթացում ցանկալի է ավելի շատ ինքնուրույնության և ընտրության հնարավորություն տալ: Այնուհանդերձ, պետք է հստակ հասկանալ՝ յուրաքանչյուր խառնվածք առանձնահատուկ է, ուստի կարևոր է դաստիարակության գործընթացը կազմակերպել՝ հիմնվելով անձնային որակների և յուրահատկությունների վրա:

Ինչպես արդյունավետ խրախուսել երեխային

Խրախուսանքն առաջին հերթին պետք է լինի տեղին: Երեխային խրախուսում են օգտակար հմտության, լավ նախաձեռնության, բարի գործերի համար: Փոքրիկին խրախուսելիս պետք է հաշվի առնել նրա տարիքը, սեռը և անհատական առանձնահատկությունները:

Արդյունավետ խրախուսանքը  իրականացվում է նպատակային: Այս դեպքում պետք է հարկ եղած հետաքրքրքրությունը ցուցաբերել երեխայի հաջողությունների հանդեպ, համեմատել է երեխայի նախկին և նոր ձեռքբերումները, ոգևորել և քաջալերել փոքրիկին:  Երբ խոսքը վերաբերում է գովեստներին, ապա այն տվյալ դեպքում պետք է գովել երեխային և ոչ թե  արարքին , այլ ոչ թե անձ:

*. Երեխային պետք է գովել այն ժամանակ, երբ նա չի սպասում: Օրինակ, երբ նկատում ենք, որ նրա առաջադիմությունը գնալով ավելի բարձր ցուցանիշներ է գրանցում:  Այս դեպքում երեխան ձգտում է ավելիին, քանի որ տեսնում է արդյունքը: Կարող ենք օգտագործել ապրե՜ս, կեցցե՜ս  բառերը և շարունակել գովաբանել այնպիսի խոսքերով, որոնք տպավորիչ են երեխայի համար և դրական հույզերն են առաջացնում: Անկասկած, այդ օրը փոքրիկն ավելի երկար է հիշում:

* «Ինձ չի հաջողվում, կօգնե՞ս…»: Երբ երեխայից օգնություն կամ խորհուրդ ենք հարցնում, այդ քայլով երեխան իրեն արժևորված  է զգում, ձեռք է բերում  ինքնավստահություն: Այդպիսով, ծնողը նպաստում  է նաև երեխայի մեջ ինքնասպասարկման հմտությունների ձևավորմանը. չէ՞ որ մեծերն են իրենից  օգնություն հայցում և  կարծիքը հարցնում (այս մոտեցումը նպատակահարմար է կիրառել 5 տ-ից հետո): Դրանով նպաստում ենք նաև երեխայի մոտ կայուն ինքնագնահատականի ձևավորմանը:

Միևնույն ժամանակ, կան խոսքեր, որոնք նվազեցնում են երեխայի ինքնավստահությունը, օրինակ՝ եթե նրան հաճախ ենք համեմատում այլ երեխաների հետ՝ ասելով, որ մյուսներին հաջողվում է այս կամ այն գործը կատարելը, իսկ իրեն՝ ոչ: Երեխայի ուժերը թերագնահատելով՝ նշում ենք, որ անպատասխանատու է: Այս ամենը բացասաբար է անդրադառնում հատկապես այն ժամանակ, երբ  փոքրիկին դիտողությունն ուրիշների մոտ: Ցանկալի չէ նաև սեփական օրինակը բերել՝ նշելով, որ այդ տարիքում իրենց ամեն ինչ հաջողվում էր:

Ի վերջո, երեխայի համար իսկական ուրախություն ու խրախուսանք կարող է լինել մեղմ հայացքը, քնքույշ հպումը, գրկախառնությունը, խաղերը, մի խոսքով, այն ամենը, ինչ անվանում են սիրո և վստահության լեզու:

Սիրո և վստահության լեզուներն են՝ նվերները, օգնությունը, ժամանակը, բառերը, հպումները:

Ներկայացնենք իրավիճակներ, որտեղ հստակ ներկայացված է, թե երեխան դրանցից որի կարիքն ունի տվյալ պահին, նույնը նաև մեծահասակների դեպքում է:

Նվերներ. Ես վստահ չեմ, որ նրանք ինձ սիրում են: Երբեք ինձ անակնկալներ չեն մատուցել, ինչպես Արմենին: Գնում են այն, ինչ ինձ պետք չէ, չգիտեն նույնիսկ , թե ինչ կուզենայի ստանալ ծննդյանս օրը:

Օգնություն. Ինձ ոչ-ոք չի օգնում ՝ կատարեմ տնային աշխատանքները, ահա թե որն է վատ գնահատականներիս պատճառը:

Բառեր. Երբ նա ինձ ասաց, որ  անպատասխանատու եմ, որ չեմ փոխվի և երբեք չեմ հասնի նպատակից: Ասում է, որ անհարգալից եմ և անշնորհք:

Ժամանակ.  Երբ ես փորձում եմ խոսել ծնողներիս հետ, ինձ երբեք ժամանակ չեն հատկացնում. կամ հեռուստացույց են դիտում կամ տնային գործերով են զբաղված, կամ էլ՝  ինչ-որ ուրիշ բան են անում:

Հպումներ. Իմ հայրն ինձ այլևս չի գրկում, ինչպես առաջ: Երևի կարծում է, որ արդեն մեծ եմ և այլևս դրա կարիքը չունեմ: Բայց ես կարոտում եմ նրա գրկախառնություններին: Դրանք ինձ ստիպում են զգալ, որ ես առանձնահատուկ եմ:

Հարցերի,մասնագիտական օգնության դեպքում զանգահարեք հոգեբան Ժենյա Վարդանյանին  093(099)-03-24-01 հեռախոսահամարով։

 

 

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն