ԷՅԴԵՏԻԿԱՅԻ ԾԱԳՈՒՄԸ, ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԸ

Էյդետիկան առաջացել է հունարեն «էյդոս» պատկեր բառից: Այս մասին տեսությունը մշակվել է 1920-1940-ական թվականներին Գերմանիայում՝Մարբուրգի հոգեբանական ինստիտուտում ՝Է. Իենշի կողմից:

Էյդետիզմը մարդուն ի ծնե տրված շնորհ է, ըստ որի՝ յուրաքանչյուր ոք օժտված է ֆենոմենալ ունակություններով, որովհետև էյդետիկան հնարավորություն է տալիս գործնականում կիրառելու ուղեղի հնարավորությունները՝ դրսևորելով առավելագույն ցուցանիշներ, ընդ որում, ոչ թե ծանրաբեռնում է ուղեղը, այլ նպաստում է ուղեղի աշխատանքի ակտիվացմանը :

էյդետիկ ունակություններին և հմտություններին տիրապետել են մի շարք գիտնականներ, նկարիչներ, գրողներ, ինչպիսիք են՝ Յ. Գյոթեն, Ջ. Լոնդոնը, Վ. Վունդտը, Է. Մախը, Կ. Ցիալկովսկին, Հ. Այվազովսկին, Ա .Տոլստոյը,Կ. Ֆեդինը և այլք:

էյդետիկայի մեթոդաբանության շնորհիվ հնարավորություն է ընձեռվում յուրաքանչյուրին հաջողությունների հասնելու համապատասխան ոլորտում, դրսևորելով բարձր արդյունավետություն, միաժամանակ զարգացնելով պատկերավոր մտածելու ունակությունը, սովորելով տեղեկատվությունը արագ և արդյունավետ մտապահելու բազմաթիվ մեթոդներ և հնարներ: Այս ամենը նպաստում երևակայության, մտածողության, հիշողության, խոսքի,բառապաշարի ստեղծագործ մտքի զարգացմանը:

Երբ երեխան դժվարանում է պատասխանել առաջադրված հարցին, օգնելու նպատակով ո՞ր տարբերակը կկիրառեիք ՝

1.Փորձի՛ր հիշել

  1. Արի՛ միասին պատկերացնենք

Հարց է առաջանում ՝ իսկ ինչպե՞ս հիշել կարեւոր տեղեկատվությունը և յուրացնել այն ավելի արդյունավետ: Էյդետիկայի օգնությամբ մարդն ունակ է նշանակալիորեն զարգացնել իր հմտություններն ու կարողությունները:

Ամերիկացի հայտնի հոգեբան Դանիել Լապպը, ինչպես նաեւ այլ հոգեբաններ եւ մանկավարժներ, առաջնորդվելով էյդետիկայի մեթոդաբանությամբ, մշակել են ցանկացած տարիքում իմացական բոլոր գործընթացներն արդյունավետ զարգացնելուն ուղղված ծրագիր-մեթոդաբանություն:

Հեղինակը քայլ առ քայլ նշում է,թե ինչպես մտապահել այն ամենը, ինչ ցանկանում ենք մտապահել ՝անուններ, բառեր, դեմքեր, ձայներ, գույներ, երազներ՝միաժամանակ նպաստելով նաև ուշադրության կենտրոնացմանը: Էյդետիկան հնարավորություն է տալիս նաև զարգացնելու արագ ընթերցելու հմտություններ՝ համապատասխան մեթոդների և ուսուցման հնարների շնորհիվ:

Էյդետիկան սովորեցնում է նաև մոռանալ այն ամենը, ինչն անհրաժեշտ չէ հիշել և մտապահել:

Հետազոտությունները  ցույց են տվել, որ ստացած տեղեկատվությունն ավելի շատ մոռացվում է մտապահելուց հետո առաջին ժամերի ընթացքում. քսան րոպե անց մոռացվում է քառասուն տոկոսը, մեկ ժամ անց հիսուն տոկոսը,մեկ օր անց յոթանասուն տոկոսը:

Ինչպես գիտենք, հիշողությունը պայմանավորված է երեք գործընթացներով՝ տեղեկատվությունը մտապահելու, պահպանելու և վերարտադրելու: Էյդետիկան հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում հասնել ցանկալի արդյունքի՝ երկար ժամանակ պահպանելով արդյունքը:

Այժմ էյդետիկայի ծրագրում միայն ուշադրությունը և հիշողությունը զարգացնելու համար կիրառվում է ավելի քան 27 մեթոդ:

Վերը նշված մեթոդի օգնությամբ և՛ երեխայի, և՛մեծահասակի համար արդեն դժվար չէ անգամ անծանոթ բառերն արագ մտապահելը ,ցանկացած օտար լեզու արագորեն յուրացնելը, քննություններ հանձնելը ,տեքստն անգիր սովորելը:

Նախատեսված է և կիրառելի է ցանկացած տարիքի համար՝սկսած վաղ տարիքից,երբ երեխայի խոսքն արդեն հստակ ձևավորված է: Մեթոդը կարելի է կիրառել նաև երեխայի խոսքի ձևավորման և ակտիվ վերարտադրելու փուլում, ինչպես նաև գերակտիվության, տարբեր խնդիրների և դժվարությունների առկայության դեպքում:

Ծրագրի հիմնական կառուցվածքով պայմանավորված՝ կարելի է կիրառել նաև միջին մասնագիտական կրթական հաստատություններում՝ սովորողների համար նախատեսված կրթական ծրագրին համապատասխան:

Ուսումնական գործընթացը կազմակերպվում է ինչպես խմբային ,այնպես էլ անհատական եղանակով, ոչ մեծաթիվ խմբերով: Յուրօրինակ վարժանքների , տեսանյութերի, խաղերի և հնարների օգնությամբ ուսումնական գործընթացը դառնում է հաճելի, հետաքրքիր, նկատելի է դառնում սովորողների ՝ ուսման նկատմամբ հետաքրքրության բարձր ցուցանիշներն ու առաջադիմությունը: Արդյունքում երեխան նաև հաղթահարում է ուսման նկատմամբ ունեցած,ինչպես նաև այլ բնույթի վախեր, եթե դրանք առկա են :

Նախատեսված է և՛ կրթական համակարգում, և՛ կրթական համակարգից դուրս որպես առանձին ուղղություն կիրառելու համար: Տարբեր տարիքային խմբերի համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է նախապես մշակված ծրագրի հիման վրա յուրաքանչյուր կիսամյակի և ընթացիկ տարվա համար: Հստակ սահմանված է պարապմունքների հաճախականությունը , ժամաքանակը կիսամյակի և տարվա համար :

Նախատեսված ծրագրի հիման վրա պարբերաբար ամրապնդվում է սովորողների ստացած գիտելիքները ժամանակ առ ժամանակ անցկացվող թեստավորման և ուսուցման տարբեր հնարքների միջոցով:

Այսպիսով՝սովորողները ձեռք են բերում խոսքային մտածողության նոր հմտություններ, որոնք կիրառելի են գործունեության ցանկացած ոլորտում: Ծրագրի ուսուցման արդյունքում սովորողներն ազատ և անկաշկանդ արտահայտում են իրենց մտքերը, սովորում են հարգանքվ վերաբերվել յուրաքանչյուրի կարծիքին, ձեռք են բերում շփման և հաղորդակցման կառուցողական հմտություններ, ձևավորվում է աշխարհայացքը: Ինքնագնահատականը կայուն է,նկատվում են զարգացած վերլուծական ունակություններ, ամրապնդվում է ինքնավստահությունը, ձեռք են բերում շրջապատին արագ հարմարվելու,ինչպես նաև ուսումնական գործընթացին ակտիվորեն ներգրավվելուև հմտություններ: Ուուսուցչի համար հնարավորություն է ստեղծվում նորովի բացահայտելու սովորողի ողջ պոտենցիալն ու ռեսուրսները:

Էյդետիկայի մեթոդները բազմազան են ու բազմաբնույթ: Նշենք Ցիցերոնի մեթոդի (Հռոմեական սենյակ) և Պիկտոգրամմայի մասին:

Ցիցերոնի մեթոդի(Հռոմեական սենյակ) էությունը սենյակում գտնվող առարկաների օգնությամբ տեղեկատվության մտապահումն է: Սենյակը կարող է նաև տվյալ պահին յուրաքանչյուրի համար իր նախընտրություններին և պատկերացումներին համապատասխան լինել,անգամ ոչ իրական:

Պիկտոգրամմայի մեթոդի էությունն այն է,որ յուրաքանչյուր բառ նկարում ենք կամ եթե հնարավոր չէ նկարել ,կրճատում ենք, կարելի է առաջին տառը և վերջավորությունը փոխարինել նշաններով: Այս մեթոդի օգնությամբ հնարավոր է հիշել բառերի շարքեր, տարբեր ծավալի և բովանդակության տեքստեր:

Էյդետիկայի առանձնահատկությունն այն է, որ զուգահեռաբար կիրառելի է հոգեբանամանկավարժական բազմաթիվ հնարներ ՝ սովորողի տարիքային, անձնային, հուզական, ինտելեկտուալ առանձնահատկություններով պայմանավորված, յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերելով անհատական մոտեցում:

Հիմքում պատկերն է, համապատասխան ասոցիացիաները՝ ասոցիատիվ մտածողությունը — ինչպե՞ս կկիրառեիք օրինակ՝

Ես ունեմ…….հարցին պատասխանում են՝շարունակելով միտքը, ունենալով նաև համապատասխան առարկան կամ իրը,պատկերը:Ինչի՞ մասին մտածեցիք:

Կարող են նշել ինչպես յուրաքանչյուրն իր մոտ ունեցած առարկայի պատկերի, այնպես էլ ուսուցչի և մյուսների մոտ ունեցած պատկերների համար:

Ռելաքսացիա՝արդյունքների ամփոփում: Նպաստում է ոչ միայն լարվածության թուլացմանը, այլև ստացած տեղեկատվության ամրապնդմանը, խմբում բարձր տրամադրությանը, հուզական կայունությանը, իմացական և հուզական ոլորտի ներդաշնակ զարգացմանը, իր և հասակակիցների միջև հուզական կապերի բացահայտմանը ,իրեն կարևոր զգալու, հանդուրժողականության, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորմանը: Օրինակ՝ ինչպես կպատասխանի նախադպրոցական տարիքի երեխան,եթե հարցնենք, թե իր կարծիքով՝

1.Ո՞վ այսօր ուրախ տրամադրություն ուներ, երբ եկավ մանկապարտեզ և հակառակը,

2.Ո՞վ ուրախ տրամադրություն ուներ օրվա ընթացքում և հակառակը,

3.Ո՞վ ամենաշատն օգնեց մյուսներին և այլն:

Ի՞նչ սովորեցիք այսօր, կկիրառեք այն,թե՝ոչ:Երեխաները նստում են շրջանաձև , մեկը մյուսին որևէ իր փոխանցելով պատասխանում ուսուցչի հարցերին՝ այսօր ես իմացա……, Կարողացա…….,Հետաքրքիր էր…..,Ինձ հաջողվեց……,Ես մտապահեցի…..,Արդեն ես կարող եմ……,Ինձ զարմացրեց…..:

Արդյունքների ամփոփում՝ռեֆլեքսիա:Նպաստում է խոսքային կենտրոնների ակտիվացմանը,աշխատունակության բարձրացմանը, նախաձեռնություն դրսևորելուն: Խմբում յուրաքանչյուրը շրջանի որևէ հատվածում ներկում է համապատասխան գույնով իր պատկերացմամբ խմբի տրամադրությունը,ինչպես նաև շրջանի վրա փակցնում են քարտեր՝ներկայացնելով իրենց տպավորություններն օրվա մասին:

Էյդետիկան կիրառելի է նաև այն կազմակերպություններում, որտեղ աշխատակիցներին անհրաժեշտ է մտապահել լայնածավալ և բազմաբնույթ տեղեկատվություն:

Մեծահասակների համար էյդետիկան նպաստում է ինքնաիրացմանը, ակտիվ կենսակերպ վարելուն, ինքնազարգացմանը, մասնագիտական և անձնային աճին:

Վերջին շրջանում էյդետիկան մասնագետների ուշադրության կենտրոնում է նաև գործարար ոլորտում կիրառելու նպատակով:

Ժենյա Վարդանյան

Հոգեբան, Եվրոպական քոուչինգի ֆեդերացիայի քոուչ, թրեյներ

էյդետիկայի մասնագետ, մեթոդիստ

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն