ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմար (Վլադիմիր Մարգարյան) և Հռիփսիմե Մարգարյան.Արվեստի նվիրյալները

valmar portret

Երևան քաղաքի կենտրոնում տեղակայված «Վալմար» արվեստի սրահում իշխում է գեղեցիկի հանդեպ սերն ու անմնացորդ նվիրումը: Հյուրընկալ տանտերը Վալմարն է՝ ճանաչված ու սիրված նկարիչ, գյումրեցի Վլադիմիր Մարգարյանը, ով սիրով ու ջերմությամբ է ընդունում այցելուներին, նրանց փոխանցում արվեստի հանդեպ ունեցած անսահման սերն ու նվիրումը: Այստեղ նրա նկարների կողքին ցուցադրվում են նաև նույնքան տաղանդավոր դստեր՝ Հռիփսիմե Մարգարյանի ստեղծագործությունները: Հայկական գեղանկարչության մեջ Վալմարի անունն իր հաստատուն տեղն է զբաղեցրել: Նկարչի ստեղծագործություններն աչքի են ընկնում յուրօրինակ ու թարմ ստեղագործական լուծումներով և գեղանկարչական մշակույթով: Բոլոր տաղանդավոր մարդկանց նման Վալմարը ևս իր ստեղծագործական ուղու ընթացքում անցել է ինքնահաստատման, նոր, արդիական մեթոդների որոնման բարդ ու դժվարին ճանապարհ: Իր աշխարհահռչակ ուսուցչից՝ Երվանդ Քոչարից ժառանգել է կամային այն անգնահատելի հատկանիշները, որոնք էլ նախանշել են նկարչի հետագա ճանապարհը: Նկարչի վրձնած կտավները հաջողությամբ ներկայացվել են Հայաստանում, Ռուսաստանում, Մերձբալթյան երկրներում, նաև Եվրոպայում, Միջին Արևելքի, Ամերիկայի և Կանադայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում և պատկերասրահներում կազմակերպված 40-ից ավելի անհատական և 120 խմբակային ցուցահանդեսներում: Վալմարի ստեղծագործություններն այսօր ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում ու թանգարաններում, իսկ 1000-ից ավելի ստեղծագործություններ գտնվում են մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում:Garnan shunch (1)

Վալմարի ստեղծագործությունների մասին հայտնի նկարիչների ու արվեստաբանների տպավորություններն արդեն իսկ շատ բան են ասում: Ահա դրանցից մի քանիսը.

«Վալմարի ամենափոքր կտավն անգամ հսկայական մոնումենտալ տպավորություն է թողնում: Արտիստն իր ստեղծագործությունների մարմնացումն է՝ միշտ ուժեղ ու դինամիկ»: Ժանսեմ, նկարիչ, Ֆրանսիա

«Վալմարը տաղանդավոր նկարիչ է, եզակի վարպետ իր արվեստում: Նրա նկարները ստեղծվում են գիտական և երևակայական ճանապարհով: Ստեղծագործություններում հաճախ նրա կյանքն է՝ պատկերված զարմանահրաշ եղանակով և բանաստեղծական լուծումներով»: Գառզու, նկարիչ, Ֆրանսիա

«Վալմարի յուրաքանչյուր կտավ խորհրդավորության և զուսպ զգայասիրության մի զարմանահրաշ զուգորդություն է: Նրա կտավները պետք է երկար դիտել, ամփոփվել, մինչև բացահայտեք դրանց առեղծվածը»: Ռենե Պերես, արվեստաբան, Փարիզ

Հռիփսիմե Մարգարյանը տաղանդաշատ նկարչի նույնքան տաղանդավոր դուստրն է, հոր արժանի ժառանգը: Ավարտել է Երևանի պետական գեղարվեստի ակադեմիան: Հռիփսիմեն մշտապես մասնակցություն է ունեցել հանրապետական ցուցահանդեսներին, ինչպես նաև իր աշխատանքներով ներկայացել Եվրոպայի, Միջին Արևելքի և ԱՄՆ-ի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում: 2001 թվականին մեկական աշխատանքի հանրապետական ցուցահանդեսում Հռիփսիմեն լավագույն աշխատանքի համար արժանացել է Հայաստանի նկարիչների միության պատվոգրին:

hripsime

caxikner

shushanerԵրիտասարդ նկարչուհու արվեստի երկրպագուները միաբերան նշում են, որ նրա շնորհքն աստվածատուր է . կարողանում է ցանկացած պատկեր տեսնել ռիթմի, գույնի, գծի ու տարածության կտրվածքով: Հռիփսիմեն իր երևակայության աշխարհը կտավին է հանձնում թեթև, բայց վստահ ձեռքով, ստեղծում այնպիսի ներդաշնակ ու գեղեցիկ կոմպոզիցիաներ, որոնց հիմքում բնությունն է, նկարչուհու տրամադրությունն ու էմոցիաները:

Վալմարի տաղանդաշատ դստեր մասին ևս հնչել են գնահատանքի ջերմ խոսքեր նկարչության ու արվեստի ճանաչված գիտակների կողմից; Ասվածի լավագույն վկայությունն այն է, որ նկարչուհու ստեղծագործությունները պահվում են տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում:

2017-ին, Բահրեյնում,  Հռիփսիմեն իր մասնակցությունն է ունեցել «ԵՎՐՈՊԱ ԱՐՏ»  կազմակերպության կողմից նախաձեռնած  «Կանայք արվեստում, հանուն խաղաղության» միջազգային ցուցահանդես – նախագծին:

Xaghagh2 (1)

 

 

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն