«2017 թ. վերականգնողական տարի է լինելու». տարեվերջյան ասուլիս

Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նախարարն  ամփոփեց 2016 թվականն՝ անդրադառնալով նաև 2017-ի ծրագրերին:
2017 թվականի համար նախատեսված 3,2 տոկոս տնտեսական աճը նախարար Վարդան Արամյանը իրատեսական է համարում: «Չնայած տնտեսության վատթար վիճակին, դրական տեղաշարժ, այնուամենայնիվ, կա: Վերջին երկու տարիներին տրանսֆերտների նվազումը բերել է գնողունակության անկման, սպառման ծավալների նվազման, բայց այս տարի դրական տեղաշարժ ունենք առևտրի մասով՝ 0,3 տոկոս: Ներմուծումների մասով ևս աճ ունենք՝ 2 տոկոսով»:
019
Նախարարը հավելեց, որ ՀՀ ընդհանուր պետական պարտքը կազմում է 5 միլիարդ 905 միլիոն դոլար: «Չնայած, որ պետական պարտքը աճել է, դա չի ազդել տոկոսադրույքի վրա, տոկոսադրույքները չեն բարձրացել»,-ասաց Արամյանը:
«2017թ. բյուջեի մասին օրենքում հստակ ներկայացված է, թե ինչ կարգի պարտք ենք ներգրավվելու: Դեֆիցտն էլ ունի իր հստակ աղբյուրները, թե ումից և ներքին շուկայից որքան են ներգրավելու: 2017թ. մեր պարտքի սպասարկման ծախսերը կկազմեն շուրջ 119 միլիարդ, դրանում արդեն նախատեսված է, որ մենք սահուն կերպով մեր պարտքը կսպասարկենք: 2017թ. պարտքը չսպասարկելու վտանգ չունենք»,-ասաց Արամյանը: Նա նկատեց, որ Հայաստանի տնտեսության թույլ կողմերից են ներդրումները: «Օտարերկրյա ներդրումները գնալով նվազել են և այդ նվազման տենդենցը պետք է շրջենք վերելքի ուղղությամբ: Առաջին քայլը լինելու է մակրոտնտեսական կայունության ապահովումը և վստահելի ու կանխատեսելի մակիրոտնտեսական քաղաքականության իրականացումը»,-նշեց նախարարը: Ըստ նրա՝ 2017թ. բյուջեն խելամիտ է և վստահություն է ներշնչում օտարերկրյա ներդրողներին:
Նախարարը նշեց, որ ՀՆԱ միջավայրն այս տարի բավականին համեստ է՝ «ավելի ցածր գնային միջակայքում կամփոփենք»: «Ճյուղային զարգացումները համապատասխանում են ակնկալիքներին, բացի գյուղատնտեսությունից, որ դրական աճ էինք նախատեսում, բայց վերջին զարգացումների հետևանքով կունենանք բացասական աճի տեմպ: Այստեղ կարևորն այն է, որ դա ոչ թե դա կապված է տնտեսական զարգացման հետ, այլ հաշվառման խնդիր է եղել»,-տեղեկացրեց Արամյանը:
Նախարարը խոսեց նաև դրսից եկող բացասական ազդակների մասին,- «Երկու տարի մենք ունեցել ենք արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցություններ տնտեսության վրա: Այս տարին ցնցումների վերջնակետն է: 2017 թ. վերականգնողական տարի է լինելու, իրական աճը սպասվում է 3.2%»: Արամյանը նաև հավելեց, որ կան դրական միտումներ. սկսել են աճել թե՛ սպառումը, թե՛ ներմուծումը, որը միշտ անկում էր նախկինում, հիմա 2% աճ է եղել: Ըստ նրա՝ հաջորդ տարվա վրա դրական ազդեցություն կունենան նաև պղնձի գները, որ հաջորդ տարի ավելի բարձր կլինեն, քան այս տարի:
Գյուղատնտեսության ոլորտում աճը համահունչ չի եղել կանխատեսումներին, մնացած բոլոր ոլորտներում կանխատեսումները համընկել են առկա ցուցանիշներին», -ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
 011
«2016 թ. օգոստոսին գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունեցել ենք 9,6% աճ, սեպտեմբերին ունեցել ենք շուրջ 20%-անոց անկում, հոկտեմբերին այդ անկումը եղել է 30%: Այսպիսի անկման պարագայում ինչ-որ մի տնտեսական ցուցանիշ պետք է արձագանքեր սրան, դա եղավ գների տեսքով, թեև սեպտեմբեր-հոկտեմբերին գների բարձրացում չի եղել», — նշեց Վարդան Արամյանը:
Անդրադառնալով գնումների գործընթացին՝ Արամյանը կարևորեց գնումների ոլորտում ներդրված էլեկտրոնային հարթակը, որտեղ երկու տեսակի մրցույթները տեղափոխվել են էլեկտրոնային հարթակ: Նա նշեց, որ 2016 թվականին ընդլայնել են բոլոր պատվիրատուների քանակը:
«Կարևոր զարգացում է մեկ անձից գնումները, այստեղ կա բավականին լավ բարելավում, էական առաջընթաց»,-ասաց նա և հայտնեց, որ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին գնումները չեն գերազանցելու 90 միլիոն դրամը:
«Մենք այստեղ խիստ պահպանողական ենք լինելու, մեկ անձից գնումը ևս տեղափոխվել է էլեկտրոնային հարթակ»,-հավելեց նա և նշեց, որ խիստ հետևողական են լինելու էլեկտրոնային հարթակները ուժեղացնելու ուղղությամբ:
Վարդան Արամյանը նշեց նաև, որ մեխանիզմներ են նախատեսվում գնումների ոլորտում կոռուպցիոն հնարավոր դեպքերը կանխարգելելու համար:
Նախարարը տեղեկացրեց, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում էականորեն նվազել են պետության կարիքների համար հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնումների կատարման ծավալները, բարելավվել է գնման ընթացակարգերին մասնակցության միջին ցուցանիշը: Մասնավորապես` 2015թ. փաստացի կատարված մեկ անձից գնումների կատարման ծավալը կազմել է շուրջ 21,2 մլրդ. դրամ (18,6%), իսկ 2016թ` շուրջ 6,5 մլրդդրամ (7,1%) : 2015թ. մրցակցային ընթացակարգերի մասնակցության միջին ցուցանիշը կազմել է 3,4 , իսկ 2016թ. 9 ամսվա դրությամբ` 3.5 մասնակից:
Ֆինանսների նախարարն անդրադարձավ նաև Նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի՝ գնումների վերաբերյալ գաղտնիությանը՝ նշելով, թե դա պաշտոնյայի անվտանգությունից ելնելով է արվում,- «Հարցեր կան, որ չպետք է ֆետիշացվեն: Նայեք նաև միջազգային պրակտիկային: Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ անվտանգության ռիսկեր միշտ կան»,- եզրափակեց Արամյանն ու հավաստիացրեց, որ այլ պաշտոնյաների ծախսեր, քան վերը նշված անձանցն է, գաղտնի չեն պահվի:
«Մեր երկրի համար ամենակարևորը տնտեսական աճն է, այն կարող է դառնալ մեր շատ խնդիրների լուծման նախապայման: 2017 թվական դրական միտումներով մուտք կգործենք», — ասաց նախարարը:
 003

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն