Վերջին նորություններ
enhyru

ՍԱԹԻԿ ԱՉԻԿՅԱՆ. «Օգնենք, որ հայ մարդը իր երկրում մնա և արտագաղթը չլինի»

24312976_915394955295103_704646427730661459_o

Համաձայնվեք՝ մեր հասարակությունը հաճախ ընդգծված թերահավատությամբ է վերաբերվում գործարար կնոջ գոյության փաստին: «Սաթենիկ հրուշակեղեն» արտադրամասի տնօրեն Սաթիկ Աչիկյանը գալիս է կոտրելու ամրացած այդ կարծրատիպը: Շատերի մեջ կարող է հարց  ծագել՝ ինչպե՞ս է այդչափ նուրբ ու քնքուշ կինը կարողանում համակարգել բարդ, խոչընդոտներով ու խութերով լի գործարարության ոլորտը: Սակայն, անկասկած, կարող ենք ասել, որ տիկին Աչիկյանին ամեն ինչ հաջողվում է՝ շնորհիվ  անկոտրում ոգու, կամային հատկանիշների և աշխատանքի հանդեպ ունեցած անսահման սիրո:

Երևանի անկյուններից մեկում է գտնվում «Սաթենիկ հրուշակեղեն» արտադրամասը, որը ղեկավարում է Սաթիկ անունով այս հայուհին, մի կին, ով տարբերվում է  շրջապատի կանանց մեծ մասից: Նա այն մարդկանցից է, ովքեր չեն ապրում սեփական ներաշխարհում ամփոփված և շրջապատի մարդկանց հոգսը համարում են նաև իրենցը՝ փորձելով օգնել ու աջակցել նեղության մեջ ապրողների թե´ բարոյական, և թե´ նյութական առումով:

24337494_1704399472924123_449231744_n

Սաթիկ Աչիկյանը ծնունդով Գավառից է: Երբ փոքր էր, երազում էր բացել ճճվակրության դեմ պայքարի սեփական կենտրոնը: Ուզում էր, որ մարդիկ առողջ լինեն ու միշտ ժպտան: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ՝ ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ: «Ուզում էի բանկիր դառնալ, շատ գումար աշխատել և բացել երազածս կենտրոնը»,- ժպիտով հիշում է այս անմիջական հայուհին և հավելում, որ, այնուհանդերձ,  ընտրած մասնագիտությունը շատ է օգնել իր գործունեության մեջ: Բուհն ավարտելուց  հետո կյանքը փոքր-ինչ այլ ուղիով է ընթանում, ամուսնանում է և շուտով բռնում արտագաղթի ճանապարհը, որը տանում է դեպի Ռուսաստան: Բայց հայասեր ու հայրենասեր այս ընտանիքին կանչում է հայրենիքի կարոտը, և նրանք վերադառնում են:

«Իմ գործի սկիզբը մայրս դրեց: Ասաց՝ արի Գավառի գաթա թխենք: Ինքս էլ խոհանոց շատ եմ սիրում, մտածեցի, իսկ ինչու՝ ոչ»,- հիշում է տիկին Աչիկյանը: 2009 թ. մայիսի 9-ը  «լույս աշխարհ» եկան Գավառի առաջին՝ 5 գաթաները: Դրանք անմիջապես սիրվեցին սպառողի կողմից, և շուտով  արդեն թողարկվում էր օրական 200 գաթա:

«Երեխաներս ու ամուսինս անընդհատ բողոքում էին, թե խոհանոցում շարժվելու տեղ չկա. այն ասես արտադրամաս լինի: Բայց, դե ինչ արած, գործը պետք է առաջ գնար: Գավառի գաթան դարձել էր իմ կյանքը»: Շուտով Սաթիկին միացան նաև մայրը, մորաքույրն ու մորաքրոջ աղջիկը:  Գնալով պահանջարկը մեծացավ, գաթային գումարվեց համեղ ու սիրված «պրյանիկները»,այնուհետև ստեղծվեց ժամանակակից սարքավորումներով հագեցած հրուշակեղենի արտադրամաս, որտեղ այսօր պատրաստվում է հրուշակեղենի 30 և ավելի տեսականի: Սաթիկ Աչիկյանը հպարտությամբ ու գոհունակությամբ նշում է, որ իրենք ամեն ինչ պատրաստում են տատիկի բաղադրատոմսերի և նոր ստեղծագործ գաղափարների փոխատեղմամբ: Օգտագործում են միայն ու միայն թարմ ու բնական մթերք, որը գնում են գյուղացուց:  «Սաթենիկ հրուշակեղեն»-ի արտադրանքը վաճառվում է Հայաստանի սուպերմարկետներում և խանութներում, իսկ «Գավառի փախլավան» նաև օդանավակայանի Դյութիֆրի խանութների ցանցում,որն ի դեպ ունի պահպանման վեցամսյա ժամկետ:

24174476_1984597435163142_2998372831699409797_n

Պատահական չէ, որ 2016 թ. Սաթիկ Աչիկյանն արժանացավ վարչապետի՝ «Կին գործարարաի լավագույն ապրանքանիշ. Գավառի գաթա» տիտղոսին: Այս ջերմ ու անմիջական հայուհին մի երազանք ևս ունի՝ հանդիպել աշխարհում հայտնի «Միռլենկա» ապրանքանիշի հայ հիմնադրին և համատեղ  նախագծեր իրականացնել: Հավելենք, որ Սաթենիկը զբաղվում է բարեգործությամբ,  հովանավորում է Երևանի 2 մանկատների, իսկ ապրիլյան պատերազմի օրերին զորամասեր է ուղարկել իր թողարկած արտադրանքը: Իհարկե, գործարար այս հայուհու  ճանապարհին այսօր էլ կան  դժվարություններ, որոնց դեմ նա պայքարում է. «2017 թվականի հունվարի 17- ին բոլոր սուպերմարկետները հրաժարվեցին վաճառել մեր արտադրանքը, քանի որ մենք՝ փոքր և միջին ձեռնարկությունները, համարվում են շրջհարկ վճարող: Պահանջում էին, որ վճարենք ԱԱՀ, որի դեպքում ապրանքի գինը ևս կբարձրանար: Հենց այստեղ է, որ բոլորս ինքներս մեզ պետք է հարց տանք՝ մի՞թե տնտեսական ծանր վիճակում ապրող հայ մարդը կարող է թանկ գնով մթերք գնել:Արդյո՞ք մենք պետք է նպաստենք, որ արտագաղթը ավելի մեծ ծավալ ստանա, թե պետք է օգնենք ու աջակցենք հայ մարդուն՝ ձեռնարկատերին ու սպառողին»,-մտահոգված ասում է Սաթիկը և հավելում, որ վերոնշյալ պատճառով որոշ ժամանակ ստիպված է եղել դադարեցնել իր գործունեությունը: Հոկտեմբերի 1-ից,  հուրախություն բոլորի, «Սաթենիկ հրուշակեղենը»  վերսկսել է արտադրությունը: Իսկ վերոնշյալ խնդրի լուծմամբ, Սաթենիկ Աչիկյանի նախաձեռնությամբ, արդեն զբաղվում է ՀՀ կառավարությունն և ՓՄՁ-ների միությունը: Մեր հերոսուհին վստահ է՝ խնդիրը դրական լուծում կստանա:

«Իմ ամենամեծ երազանքս այս պահին այն է, որ արտադրամասը դառնա մեծ գործարան, ստեղծեմ աշխատատեղեր և մեր հայ կանայք կարողանան արժանապատիվ աշխատանքով վաստակել, պահել իրենց ընտանիքը և զավակներին,իրենց իսկ հայրենիքում»,- վերջում հավելում է Սաթիկ Աչիկյանը:

Իսկ մենք, վստահ ենք, որ այս  ջերմ ու անկեղծ հայուհու բոլոր նպատակները, ծրագրերն ու երազանքները եթե ոչ այսօր,ապա վաղը  իրականություն կդառնան:

24254988_916328551868410_4077715190234647821_o

24174454_915878911913374_436883767984961245_n

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն