ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

Անհատական մոտեցումը դաստիարակության անկյունաքարն է անձի ձևավորման ճանապարհին

 

Ինչպես մեծահասակների կյանքում աշխատանքն է, այնպես էլ՝ երեխաների համար ամենակարևոր գործը խաղն է: Խաղի միջոցով փոքրիկը սկսում է ճանաչել ինքն իրեն և շրջակա միջավայրը, զարգացնում է իր ֆիզիկական և մտավոր ունակությունները, սովորում շփվել մարդկանց հետ, ցույց տալիս իր բնավորությունը:

Ինչպես գիտենք, մեծահասակների հետ հարաբերություններում պետք է հաշվի առնել մարդու բնավորությունը, բայց երեխաների դաստիարակության ժամանակ հաճախ մոռանում ենք անհատական վերաբերմունքի մասին: Իսկ դա դաստիարակության անկյունաքարն է՝ ներդաշնակ անձնավորություն մեծացնելու ճանապարհին:

Յուրաքանչյուր տարիքի համար բնորոշ են անհատի զգայական, մտավոր, հուզական, կամային, մոտիվացիոն կողմերի առանձնահատկություններ, փոփոխվում է դրանց միջև փոխազդեցությունը, ինչն էլ ազդեցություն է ունենում զարգացման, պահվածքի կարգավորման ընդհանուր մակարդակի վրա: Տարիքի հետ փոխվում է նաև առաջատար գործունեության տեսակը:

Վաղ հասակում երեխաների վարքը բնորոշվում է թուլությամբ, անօգնականությամբ, խոցելիությամբ: Սրանով հանդերձ, դա աճի և զարգացման ամենաբարձր տեմպի տարիքն է: Դրա համար էլ, որպեսզի ապահովենք լիարժեք զարգացումը, անհրաժեշտ է պահպանել և ամրացնել երեխաների առողջությունը, հոգ տանել նրանց կյանքի ճիշտ կազմակերպման, յուրաքանչյուր երեխայի դրական հուզական վիճակին ուղղված պայմաններ ստեղծելու համար:

Վաղ հասակում մեծ նշանակություն ունեն զգայական զարգացումը, զգացողությունների, ընկալման, պատկերացումների կատարելագործումը՝ մտավոր զարգացման հիմքերը:

Նախադպրոցական հասակում հոգեկան գործառույթների մեծամասնությունը գտնվում են ձևավորման փուլում, դրա համար էլ մեծ ուշադրություն է դարձվում զարգացնող աշխատանքին:

. Երեխայի զարգացման մեջ անհատական մոտեցումը պետք է հիմնվի ֆիզիոլոգիական և հոգեբանական գիտելիքների, տարիքային և անհատական առանձնահատկությունների վրա: Գիտական հետազոտություններն ապացուցել են, որ ուղիղ կապ գոյություն ունի մարդու ֆիզիկական և մտավոր զարգացման մեջ: Երեխաների ֆիզիկական վիճակի և զարգացման իմացությունը մեծ նշանակություն ունի կոփիչ գործողություններ կազմակերպելիս, որոնք պետք է իրականացվեն կանոնավոր և խիստ անհատական մոտեցմամբ:

. Երեխայի առանձնահատկությունները պայմանավորված են նաև նրա նյարդային գործունեությամբ, որը ժառանգական է: Ի. Պ. Պավլովն իր բարձրագույն նյարդային գործունեության մասին աշխատությունում բացահայտել է նյարդային գործընթացների հիմնական հատկանիշները.

1.Գրգռվածության ուժը և անհավասարկշռությունը

2.Այդ գործընթացների հավասարակշռությունը և անհավասարակշռությունը

3.Դրանց շարժունակությունը

Երեխայի զարգացմանը նպաստում են ինչպես կյանքի արտաքին պայմանները, այնպես էլ երեխայի ներքին ռեսուրսները: Երեխայի հոգեկան զարգացումը ոչ միայն արտաքին ազդակների հանդեպ բնածին հատկությունների պարզ արտահայտումն ու ընկալումն է, այլև նրա ներքին հնարավորությունների և արտաքին միջավայրի պայմանների փոխկապվածության արդյունքը:

Երեխայի մտավոր զարգացումը և ինտելեկտուալ դրսևորումները պայմանավորված են մի շարք գործառույթներով, որոնք ընդհանրացվում են իմացական գործընթացներով` հիշողություն, ուշադրություն, ընկալում, մաթեմատիկական ունակություններ, մտածողություն և ստեղծարարություն: Այս ամենն ապահովում է արտաքին աշխարհի ճանաչումը:

Սոցիալական տարբեր իրավիճակներում երեխան ցուցաբերում է տարբեր հույզեր, որոնց դրսևորումները արտացոլվում են նրա միջանձնային հարաբերություններում և ինքնագնահատման մեջ:

Ըստ Վ. Լեբեդինսկու մանկան տարիքում հոգեկանը շատ զգայուն է և պայմանավորված է ոչ միայն երեխայի անկարողությամբ, այլև տարիքային այն փուլով, որում նա գտնվում է:

Հոգեկան գործունեության դինամիկան պայամանավորում է ոչ միայն խառնվածքը, այլև դրդապատճառները, անձի վերաբերմունքը և բնավորության գծերը։ Իսկ բնավորության, դրդապատճառների ամենաէական տարբերությունը խառնվածքից այն է, որ դրանք կարող են և կարճատև լինել, հաճախ փոփոխվել։

Խառնվածքի հիմնական առանձնահատկությունը պայմանավորված է նյարդային համակարգի հատկություներով։ Մեռլինը խառնվածքին էր վերագրում հուզակամային ոլորտի առանձնահատկությունները, որոնք ազդում են հոգեկան գործունեության ողջ դինամիկայի վրա։ Սակայն ոչ բոլոր առանձնահատկություններն էր նա վերագրում խառնվածքին և նշում էր, որ ոչ միայն առանձնահատկություններն են պայմանավորում խառնվածքը։ Դրանց թվին են պատկանում նաև ընդհանուր ընդունակությունները և, առհասարակ, խառնվածքի բոլոր հատկություններն իրենցից միաժամանակ ներկայացնում են նաև ընդունակություններ, քանի որ դրանցից է կախված որոշ չափով նաև գործունեության արդյունավետությունը։

Որպեսզի ճիշտ որոշենք երեխայի խառնվածքը, անհրաժեշտ է հետևել նրան մի քանի շաբաթների ընթացքում՝ նշելով վարքի հիմնական առանձնահատկությունները: Որից  հետո կարելի է կառուցել կանխամտածված հարաբերություններ:

Առանձնացվում են խառնվածքի չորս հիմնական տեսակներ՝ խոլերիկ, սանգվինիկ, ֆլեգմատիկ և մելանխոլիկ: Խառնվածքները «մաքուր» ձևով չեն հանդիպում, սակայն տրվում են դրանց մաքուր բնորոշումները.

Սանգվինիկները բավական լավատես փոքրիկներ են: Ունեն բարձր ռեակտիվություն. ընդ որում, նրանց մոտ ռեակտիվությունն ու ակտիվությունը հավասարկշռված են: Կենսուրախ են:

Հեշտությամբ են ձեռք բերում ընկերներ և յուրացնում նյութը: Սանգվինիկ երեխայի դաստիարակության ամբողջ ճանապարհը պետք է ընթանա որոշակի անձի հանդեպ կապվածության, նվիրվածության այդ ուղիով,սերն այստեղ հանգուցային բառն է:

Խոլերիկների մոտ, ի տարբերություն սանգվինիկների,  ռեակտիվությունը գերազանցում է ակտիվությանը, այդ իսկ պատճառով նրանք անհամբեր են, բռնկուն, անհավասարակշռված և կտրուկ:

Ի տարբերություն սանգվինիկ երեխայի՝խոլերիկ երեխայի դեպքում հանգուցային բառերն են՝պատկառանքն ու հարգանքն անձի արժեքների հանդեպ. երեխան միշտ պետք է հավատա, որ դիմացինն իր գործից գլուխ է հանում:

Մարդկանց հետ փոխհարաբերություններում ֆլեգմատիկները միշտ հանգիստ են, հավասարակշռված, չափի մեջ շփվող, իսկ տրամադրությունը գրեթե միշտ հաստատուն: Այս փոքրիկների դաստիարակության գործընթացում կարևոր է ուշադրություն դարձնել ընկերական հարաբերություններին, թերապևտիկ նշանակություն ունի կապը մեծ թվով հասակակիցների հետ:

Մելանխոլիկը մյուսներից տարբերվում է նրանով, որ հակված է սևեռվել խոչընդոտների վրա, ապրում է ներքին աշխարհով,թերապիան պետք է ուղղված լինի արտաքին աշխարհի հանդեպ նրա ուշադրության զարգացման վրա, դադարում է սևեռվել իր ապրումների վրա, երբ սկսում է հասկանալ ,որ բոլոր մարդիկ էլ ունեն ապրումներ:

Ժենյա Վարդանյան

Հոգեբան, Եվրոպական քոուչինգի ֆեդերացիայի (ECF) քոուչ

«Լօլօ» նախակրթարան-պարտեզի հոգեբան

«Ռիո» քոլեջ-մանկապարտեզի հոգեբան

Հեռախոս` +374 99 03 24 01, +374 93 03 24 01

 

 

 

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն