Մեր նոր Հայաստանի մայիսյան հաղթանակների խորհուրդը

Մայիսը յուրաքանչյուր հայի համար փառահեղ հաղթանակների ու իրադարձությունների ամիս է: Այն եռատոն է մեզ համար. 1945 թվականի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: 90-ականներին սկիզբ առած պատերազմը բեկումնային դարձավ Շուշիի ազատագրմամբ և նախանշեց մեր հետագա հաղթանակների ուղին: Մեր բախտորոշ հաջողություններն ու նվաճումները ձեռք բերվեցին հայ զինվորի, կամավորի ու հրամանատարի սխրանքների, անօրինակ խիզախության ու արիության շնորհիվ: Այսօր էլ, ապրիլյան քառօրյա պատերազմն ու հրադադարի բազմակի խախտումներն անձնուրացաբար դիմագրավում են մերօրյա հերոսները, որոնցից շատերը աշակերտական նստարանից են զորակոչվել բանակ և հայրենասիրության առաջին դասերն առել իրենց մանկավարժերից ու ընտանիքներից: Այո, մայիսյան այս եռատոն խորհուրդն ու տոնակատարությունները կրկին բերկրանքով են լցնում մեր հոգիները: Այսօր նորովի ենք անդրադառնում և վերարժևորում ենք մեր ժողովրդի հաղթանակները: Մենք կարողացանք հաղթահարել մի մարտահրավեր ևս՝ ձեռնոց նետելով խոր արմատներ ձգած և ժողովրդի ատելությունը վաստակած իշխանությանը: Այս անգամ էլ հաղթեցինք, ու այս հաղթանակը ժողովրդի մեծագույն մասի կամքի, հատկապես երիտասարդների ինքնանվիրումի արգասիքն է:Այս հաղթանակը իրեն նախորդած տարիներին , օրվա վարչախմբերի դեմ տարբեր խմբերի ու խմբավորումների մղած հաճախ անարդյունավետ ու հազվադեպ դրական արդյունք արձանագրած պայքարների հանրագումարն է: Այո, այսօր, բոլորս արթնացանք Նոր Հայաստանում, անչափ թանկ, սիրելի ու հարազատ մեր նոր երկրում: Մեզ համար, հակառակ մեր ժողովրդի խաղաղասեր ոգու, շարունակում է առաջնային մնալ հարձակումներից մեր երկրի սահմանների պաշտպանությունը: Այսօրվանից մեզ համար հրամայական է դառնալու հայրենիքի շենացումը ու մեր անվտանգության գրավական հանդիսացող հայոց բանակի զորացումը: Նվիրական այս օրը համակվենք միասնության ու համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության զգացումներով:

Շնորհավոր բոլորիս քառատոնը, սիրելի հայեր:Լավագույն մաղթանքներով՝ Հայացք Փրոդաքշն։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն