Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը ջանք չի խնայում համայնքի զարգացման համար

Հայաստանի հարավում՝ Երևանից 330  կմ հեռավորության վրա է գտնվում երկրի ամենահեռավոր քաղաքներից մեկը՝ Քաջարանը: 2017 թվականին իրականացված համայնքների խոշորացումից հետո Քաջարանը դարձել է համայնք, որն ընդգրկում է 21 բնակավայր: Ղեկավարն է իր գործի նվիրյալը՝ Մանվել Փարամազյանը, ով ջանք չի խնայում համայնքի զարգացման ու նրա բնակիչներին բարեկեցիկ կյանքով ապահովելու համար:
Քաջարան համայնքի  հյուրերին դիմավորում է բանալին բերանում պահած արջը, որը խորհրդանշում է Զանգեզուրի ժողովրդի հզորությունն ու ուժը: Հենց այս հատկանիշներով  են օժտված այստեղ ապրող մարդիկ, ովքեր, իրենց  ղեկավարի գլխավորությամբ, հեռու մայրաքաղաքային թոհ ու բոհից, կարողանում են ապրել  քաղաքացուն բնորոշ կյանքով և աշխատանքով կերտել բարեկեցիկ ապագա:

Քաջարան համայնքում կատարված մեծածավալ աշխատանքներն արդեն իսկ վկայում են, թե  որքան մեծ պատասխանատվությամբ է յուրաքանչյուրը վերաբերվում իր գործին: Համայնքի բնակավայրերը կենսական նշանակության բազմաթիվ խնդիրներ են ունեցել ի սկզբանե, որոնք հետևողական լուծում են ստացել համայնքային իշխանության և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փոխհամաձայնեցված և խելացի համագործակցության շնորհիվ:
Համայնքի խոշորացումը նոր հոգսեր ու պարտավորություններ է դրել համայնքապետարանի ուսերին, որոնք հաղթահարվում են պատվով և պատասխանատվությամբ:    Բարեկարգ համայնք ունենալը ղեկավար Մանվել Փարամազյանի համար առաջնային նպատակ ու խնդիր է, որը քայլ առ քայլ իրականություն է դարձել, և այդ գործընթացը շարունակվում է: Կատարված հսկայածավալ աշխատանքների թվարկումն արդեն շատ բան է ասում համայնքապետարանի, ղեկավարի և այստեղ ապրող պարզ, հասարակ ու աշխատավոր մարդկանց մասին: Համայնքին ժառանգություն մնացած տարբեր ոլորտների անմխիթար վիճակը լիովին շտկվել է,  ամբողջությամբ մարվել են կուտակված 60 մլն դրամ և 70 մլն դրամ կոմունալ տնտեսության պարտքերը: Այս տարվա ընթացքում 2 անգամ բարձացվել է աշխատավարձը, 2020 թվականին նույնպես  նախատեսվում է աշխատավարձի բարձրացում: Այսօր համայնքը թոթափել է պարտքերի բեռը և շնչում է լիաթոք:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն